ԱՄՆ-ի կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնեն ու Մարկ Քըրքը, նաեւ Հայոց ցեղասպանության բանաձեւի հեղինակներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը հանդես են եկել հայտարարությամբ, որում նշել են ԱՄՆ հայ համայնքի դիրքորոշմանն իրենց աջակցության մասին՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում գիտական ենթահանձնաժողովի ստեղծման հնարավորության կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայերի ազգային կոմիտեն, հայտարարության հեղինակները, մասնավորապես անհանգստացած են ենթահանձնաժողովի կողմից 1915-23-թ. դեպքերի ուսումնասիրման հնարավորությամբ: «Թուրքիային չպետք է թույլ տրվի շրջել պատմության այդ ողբերգական էջը, դա որպես նախապայման ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում: Թույլ տալ դա, նշանակում է դավաճանել դարասկզբի դեպքերի զոհերի հիշատակին»,- ասված է հայտարարության մեջ:
Կոնգրեսմենները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նաեւ կոչ են արել ի գիտություն ընդունել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայ համայնքի դիրքորոշումը: «Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու այլ պաշտոնատարներ , որոնք ցանկանում են տարածաշրջանում կայնություն հաստատել, պետք է ի գիտություն ընդունեն ԱՄՆ հայ համայնքի դիրքորոշումը»,- ասված է հայտարարության մեջ:
Կոնգրեսմենները նաեւ մեղադրում են Քլինթոնին եւ պետական պաշտոնյաներին, որ այդ հարցում նրանք հանդիպումներ են ունեցել Թուրքիայի կողմից վճարվող օտարերկրյա գործակալների՝ Դենիս Հասթերթի եւ Դիկ Հեպարդի հետ, բայց այդպես էլ չեն համաձայնվել հանդիպել ԱՀԱԿ-ի հետ: Նրանք մտահոգություն են հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական, ռազմական եւ դիվանագիտական ոլորտներում առկա տարբերությունների կապակցությամբ, նաեւ կոչ են արել ԱՄՆ-ին՝ ջանքեր գործադրել սահմանի բացման ուղղությամբ:




























