Facebook-ը վճարովի արձակուրդ կտրամադրի իր այն աշխատակցուհիներին եւ աշխատակիցներին, ովքեր ընտանեկան կամ սեռական բռնության զոհ են դարձել: Այս մասին հայտարարել է ընկերության օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը, հաղորդում է Forbes-ը:

Սենդբերգի խոսքով՝ Facebook-ի ցանկացած աշխատակից կարող է ապավինել մինչեւ 20 օր տեւողությամբ վճարովի արձակուրդի, եթե նա, ինչպես նաեւ մերձավոր հարազատները կամ զուգընկերները «բախվել են նման բռնության հետ եւ նրանց ժամանակ է պետք անհրաժեշտ օգնությունը ստանալու համար»,- ասել է Սենդբերգը:

Նոր կանոններն առնչվում են ցանկացած սեռի աշխատողներին եւ տարածվում են ամբողջ աշխարհում սոցիալական ցանցի գրասենյակների վրա, ասել է Սենդբերգը:

Bloomberg Equality Summit համաժողովում իր ելույթի ժամանակ Facebook-ի տնօրենը նշել է, որ որոշումը թելադրված է նաեւ կորոնավիրուսի համավարակի ֆոնին ընտանեկան բռնության դեպքերի աճով:

Անցյալ գարուն ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր համավարակի եւ մեկուսացման պայմաններում «ընտանիքներում բռնության սարսափելի բռնկման մասին»: Հովարդի համալսարանի հետազոտողների կարծիքով՝ համավարակի առաջին մի քանի շաբաթների ընթացքում ընտանեկան բռնության դեպքերը աճել են 6%-ով (ավելի քան 24000 դեպքով):