Երկու շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը: Նրանք կարող են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման պատմական համաձայնագրի հիմք դնել: Այդ մասին գրում է իսպանական «El Mundo» պարբերականը:
Զինված հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու նպատակով երկու հարեւան կովկասյան պետությունների ղեկավարները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ հանդիպելու են Ռուսաստանի Կազան քաղաքում: Այդ մասին «El Mundo»-ի հետ հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Մենք տեսանք, որ հայկական դիրքորոշումը սկսում է դառնալ ավելի ճկուն, սակայն ես չեմ ուզում մինչեւ հանդիպումը չափազանց լավատեսական լինել», – Իսպանիա կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է Մամեդյարովը:
«Մենք ընդունում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապրեն անվտանգության եւ արժանապատվության պայմաններում: Մենք նաեւ կարծում ենք, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել բարձր աստիճանի ինքնավարություն», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
«Հայկական զորքերի դուրսբերումն ամբոջղովին կփոխեր սցենարը տարածաշրջանում: Դա կլիներ խաղաղության շանս տալու հսկայական ազդանշան», – նշել է Մամեդյարովը:




























