Հայաստանի արժութային շուկայում ամերիկյան դոլարը մտել է արժեզրկման փուլ: Այսօր` հունիսի 16-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում ամերիկյան դոլարի միջի փոխարժեքը կազմել է 374.58 դրամ` երեկվա համեմատ արժեզրկվելով 1.27 կետով կամ 0.33 տոկոսով: Վերջին 2 ամսում սա հայկական բորսայում դոլարի արժեզրկման ամենամեծ լագն է:

Դոլարի նկատմամբ պահանջարկը մեծ չի եղել` վաճառվել է 1.55 մլն դոլար:

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նախօրեին հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ ամառային ամիսներին դրամը հակվում է դեպի արժեւորում: Միունույն ժամանակ` ԿԲ նախագահը չէր բացառել, որ իր ղեկավարած հաստատությունը կսկսի դոլարային գնումներ իրականացնել` թույլ չտալու «դրամի շատ ուժեղացում»: Սակայն, դատելով այսօրվա զարգացումներից, ԿԲ-ն առայժմ չի միջամտում փոխարժեքին:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի անկումը 1 դրամի սահմաններում է: Կանխիկ դոլարը փոխանակման կետերի կողմից գնվում է 373-74 դրամով, վաճառքը սկսում է 376 դրամից: