Երեւանի քաղաքային իշխանությունը 2,5 տարի անց կարողացավ անել այնպես, որ նոր «Գազելները» շահագործեն ընդամենը 3 նոր գիծ եւ այն էլ օրենքի կոպիտ խախտմամբ՝ սպիտակ համարանիշներով:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ավտոմոբիլային փոխադրումների մասնակիցների իրավունքների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Դավիթ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ ընկերությունները, որոնք աշխատում են տրանսպորտի եւ մշտական փոխադրումների ոլորտում, լուրջ խնդիրների են բախվում: Մելքոնյանը հավելեց, որ երկար ժամանակ տենդերներ չեն անցկացվում, չի թարմացվում տրանսպորտային պարկը: «Երկրորդ սուր խնդիրը ուղեւորավարձն  է: Երեւանի քաղաքապետարանը հանձնարարել է 100 դրամով փոխադրումներ իրականացնել՝ չնայած նման լիազորություններ չուներ: Ուղեւորավարձը սահմանվում է քաղաքի ավագանու խորհրդի կողմից կամ մրցութային հիմքով: Որպեսզի փոխադրողները կարողանան ներդրումներ իրականացնել, անհրաժեշտ են օրենսդրական հստակեցումներ: Իշխանությանը համապատասխան առաջարկ է արվել, սակայն դեռ արձագանք չկա»,-նշեց փորձագետը: