Այսօր` հունիսի 16-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր են այցելել Unicef կազմակերպության մի խումբ անդամներ` Խորվաթիայից, Սլովակիայից եւ Թուրքմենիայից, որոնք Հայաստանում իրականացնում են երեխաների իրավունքների պաշտպանության հետազոտական աշխատանքներ:

Կրթահամալիրից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք շրջել են կրթահամալիրի Մայր դպրոցում, եղել ՏՀՏ միջոցներով հագեցած դասարաններում, ծանոթացել մեդիակրթական ծրագրերին: Հատկապես տպավորված էին գրադարանի աշխատանքով եւ ջերմոցի գործունեությամբ:

Կրթահամալիրի կայքին ծանոթանալուց եւ սովորող-լրագրողների հետ հարցազրույց անցկացնելուց հետո հյուրերին ուղեկցել են կրթահամալիրի Դպրոց-պարտեզ, որտեղ «Ուսումնական ամառ» ծրագրի ճամբարի երեխաներն ակտիվ հանգստանում էին` լող, հեծանվաշքերթ, պար, նկարչություն:

Օրվա հյուրերի մյուս խումբը ՀՀ Սփյուռքի նախարարությունից էր այցելել կրթահամալիր` մեկ այլ ծրագրով: Սփյուռքում գործող հայկական կրթամշակութային օջախների հետ կապերն ամրապնդելու, երիտասարդների փոխադարձ այցելությունների ծրագրեր իրականացնելու, քույր-դպրոցներ ստեղծելու համար նրանք ծանոթանում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փորձին եւ իրականացվող փոխանակման ծրագրերին:

Քանի որ այս օրերին կրթահամալիրը հյուրընկալում է Թբլիսիի Սայաթ-Նովայի անվան դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների մի խումբ, նախարարության աշխատակիցներն ավելի արդյունավետ են կազմակերպել իրենց հետազոտությունները` շփվելով, զրուցելով հյուրերի հետ: