Հայաստանում եղանակային եւ մի շարք այլ պատճառներով, բնակչության մաշկի յուղայնությունը բարձր է, ինչը հատուկ խնամք է պահանջում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դեղագետ Թերեզա Մարգարյանը՝ նշելով, որ հատկապես երիտասարդ բնակչության մոտ 50 տոկոսի մաշկն ունի նորմայից բարձր յուղայնություն։ «Պատճառը հիմնականում կլիման է, բացի դրանից նյութափոխանակության խանգարումը եւ սթրեսային վիճակը եւս նպաստում է մաշկի չափից ավելի յուղայնությանը»,- նշեց մասնագետը՝ ավելացնելով, որ որոշ դեպքերում ճարպային գեղձերի ակտիվ աշխատանքից տուժում է մաշկը, եւ երբեմն հանգեցնում ակնե հիվանդության։

«Հիվանդության հավանականությունը մեծ է հատկապես երիտասարդների շրջանում, քանի որ նյութափոխանակությունը նրանց մոտ արագ է կատարվում, եւ հենց այդ շրջանում է անհրաժեշտ հոգ տանել մաշկի մասին»,- նկատեց Մարգարյանը՝ ավելացնելով, որ այժմ խանութներում տարբեր միջոցներ են վաճառվում, բայց ցանկալի է դրանք ձեռքբերել դեղատներից։ Ըստ նրա՝ կոսմետիկ միջոցները նաեւ դեղեր են, եւ դրանց ընտրության դեպքում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դրսեւորել։

«Նման միջոցներից լավագույններից է 80-ամյա պատմություն ունեցող «Vichy»-ի արտադրանքը, ճիշտ է այն համեմատաբար թանկ է, սակայն վտանգավոր չէ, եւ առաջին հերթին բուժիչ միջոց է մաշկի, մազաթափության դեմ»,-ասաց դեղագետը՝ ընդգծելով, որ արտադրանքում առկա մազաթափության դեմ ամինեքսիլ նյութը ներկայումս Հայաստանում լավագույն կանխարգելիչ միջոցներից է։

«Vichy»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Տրիո Փրոջեքթ» ընկերության տնօրեն Արտյոմ Չաքմիշյանը նշեց, որ ընկերությունն ամեն անգամ դեղագետների եւ մաշկաբանների հետ սեմինարներ է կազմակերպում, որպեսզի կոսմետոլոգիական խնամքի կարիք ունեցողներին արտադրանքի տեսականուց ճշգրիտ նշանակումներ կատարվեն:

«Ըստ էության «Vichy»-ի արտադրանքն անվնաս է, սակայն ճշգրիտ նշանակման դեպքում մեծ էֆեկտիվություն է ապահովում։ Հայաստանում ներկայացված է «Vichy»-ի արտադրանքի 90 տոկոսը, եւ ԱՊՀ երկրների շարքում վաճառքի բավականին բարձր ցուցանիշ ենք ապահովում»,- ասաց նա՝ նշելով, որ ներկայացուցչության 4-ամյա գործունեության արդյունքում «Vichy»-ն արդեն ներկայացված է Երեւանի, Աբովյանի, Էջմիածնի, Գյումրիի, Վանաձորի, Ստեփանակերտի 60-ից ավելի դեղատներում։