Վաշինգտոնը ամեն կերպ աջակցելու է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ Թուրքիայի ջանքերին: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ցյուրիխից Լոնդոն ուղեւորվող ինքնաթիռում:

Նա Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների պատմության «առանցքային իրադարձություն»է անվանել հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումը՝ հայտնելով իր գոհունակությունը: Քլինթոնը ընդգծել է, որ Հայաստանն ու Թուրքիան ստորագրման արարողությունից անմիջապես առաջ որոշակի անհանգստություն են ցուցաբերել, ինչն էլ նախատեսվածի ձախողման էր հանգեցնելու: Սակայն, Հայաստանի եւ Թոււրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցություններից հետո փաստաթղթերի ստորագրման արարողությունը կայացավ:

Ինչպես հաղորդել է NEWS.am-ը, արձանագրությունների ստորագրման արարողությունը հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում անցավ բավական լարված մթնոլորտում: Թուրքական պատվիրակությունը փորձել էր ամփոփիչ արձանագրության մեջ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող դրույթներ մտցնել: Միեւնույն ժամանակ, համաձայն պաշտոնական Երեւանի եւ միջազգային միջնորդների դիրքորոշման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներն իրար հետ կապված չեն: Հայկական կողմի ընդվզումից հետո խնդիրը հաջողվեց հարթել: Մասնավորապես, կողմերը որոշեցին բավարարվել հայտարարություններ չանելով եւ հեռացան անմիջապես արձանագրությունների ստորագրումից հետո: