«Եթե առաջիկա օրերին արտառոց որեւէ բան չլինի, ես ներկա կլինեմ Բուրսա քաղաքում կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպմանը»,- հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում Մոսկվա մեկնելուց առաջ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին վաղ առավոտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորած հայկական պատվիրակությունը չարտերային չվերթով ժամանեց Բուրսա, որտեղ հոկտեմբերի 14-ին մեր թիմը Աթաթուրքի անվան մարզադաշտում հանդիպում կանցկացնի Թուրքիայի թիմի հետ՝ վերջինը 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հայաստանի հավաքականի պատվիրակության կազմում մեկնել են նաեւ լրագրողներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականի հետ առաջին հանդիպումը կայացել էր 2008թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում, եւ Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով պարտություն էր կրել: Ինչպես արդեն նշվել է, մեր թիմին պատասխան խաղում դժվարին փորձություն է սպասվւմ, չնայած, որ թուրքական թիմն արդեն կորցրել է ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու բոլոր հնարավորությունները: Նա կորցրել է հնարավորությունները, բայց ոչ մոտիվացիան՝ հաշվի առնելով մի շարք գործոններ. խաղում է տանը, իր երկրպագուների առջեւ, հետեւաբար փորձելու է ընդհանուր առմամբ տանուլ տված սեզոնն ավարտել վերելքով: Բացի այդ, անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպման առանձնահատուկ ենթատեքստը:
Նշենք, որ կայանալիք մրցախաղը դարձել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած քաղաքական գործընթացների մասը: Հիշեցնենք նաեւ, որ առաջին խաղի ընթացքում ՝ Երեւանի «Հրազդան» մարզադաշտում ներկա էր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, որ ժամանել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Թուրքիայի նախագահը պատասխան քայլ կատարեց՝ պաշտոնական հրավեր ուղարկելով Հայաստանի նախագահին:
Հայկական պատվիրակության կազմում Բուրսա է մեկնել եւ նաեւ NEWS.am-ի հատուկ թղթակիցը:




























