Բավական արտառոց տեղեկատվություն է ստացվել Լոռու մարզից` անտառների որոշ տեղամասերում փշալար է քաշված: «Հայանտառ» ՊՕԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը «Էկոլուրի» հետ զրույցում հաստատել է, որ անտառներում կան ցանկապատված տարածքներ, որպեսզի կենդանիներ չմտնեն եւ չվնասեն մատղաշ ծառերը:
Նշենք, որ ամբողջ աշխարհում անտառի մոտ ապրող մարդիկ ազատ մուտք ունեն անտառ: Օգտագործելով տնտեսական մեխանիզմներ եւ գրագետ մենեջմենթ` տեղի բնակչությունը ներգրավված է անտառի կառավարման գործում, որպեսզի, օգտագործելով անտառը, մարդիկ կարողանան մասնակից լինել նաեւ անտառի պահպանմանը:
Մեզ մոտ անտառամերձ համայնքների բնակիչներն օգտագործվում են որպես վարձու աշխատուժ: Տեղի բնակչությանը հուզող ամենագլխավոր հարցերից մեկը, թե ինչ հատվածներ են տրվելու հատման համար, որոշվում է առանց նրանց:
Արդյունքում` ինչ-որ մեկը վարձակալությամբ վերցնում է մի տարածք, որտեղ կարող է լինել համայնքի ջրի աղբյուրը, կամ որտեղ աճում են վայրի պտղատու ծառեր եւ թփեր, որոնք կարող է` օգտագործվում են մուրաբաների, տնական օղու արտադրության համար, այսինքն` տեղի բնակչության բարեկեցության ապահովման համար: Գործնականորեն, բիզնեսը շրջափակում է անտառը եւ դրա հետ մեկտեղ մոռանում է, որ անտառը բոլորինս է:




























