OPEC+-ի երկրները՝ Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի գլխավորությամբ, պայմանավորվել են մայիսից ավելացնել արդյունահանումը: Դաշինքի հայտարարության մեջ ասվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մայիս, հունիս եւ հուլիս ամիսներին օրական «ոչ ավելի, քան 0,5 միլիոն» բարելով արտադրությունն ավելացնելու մասին, հայտնում է AFP-ն:

Հանդիպումից հետո դիմելով լրագրողներին Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդելազիզ բին Սալմանն ընդգծել է, որ դաշինքի ամենամսյա հանդիպումներում որոշումը դեռ կարող է «փոփոխվել»:

Հանդիպումից առաջ արքայազն Աբդելազիզն ասել է, թե «իրականությունն այն է, որ համաշխարհային պատկերը հեռու է հավասարեցումից, իսկ վերականգնումը հեռու է լիարժեք լինելուց»:

Ըստ գործող համաձայնագրի՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից եւ նրա դաշնակիցներից, այդ թվում՝ Ռուսաստանից կազմված OPEC+ խումբը պնդում է, որ արտադրությունը կտրուկ կրճատվի, ինչը նշանակում է, որ յոթ միլիոն բարել, որը կարող է ամեն օր առաքվել շուկաներ, մնում են պահուստում:

Բացի այդ, Սաուդյան Արաբիան ցանկություն է հայտնել կրճատել սեփական արտադրությունը օրական մեկ միլիոն բարելով, որպեսզի խուսափի կորոնավիրուսի համավարակի պատճառով պահանջարկի անկմամբ տառապող շուկայում գերմատակարարումից:

Կրճատումներն ուղղված էին նրան, որ խուսափեն սահմանափակ պահեստային հզորությունների հագեցումից եւ աջակցեն գներին՝ ներկայումս դրանք տատանվում են մեկ բարելի դիմաց մոտ 60 դոլարի սահմաններում: