Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հրավիրել են հարցաքննության:

Հունիսի 17-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ավագ քննիչ Վահագն Ջիվանյանը զանգահարել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին եւ տեղեկացրել, որ վերջինս հրավիրվում է Երեւանի քննչական բաժին:

Ֆոտոլրագրողը մեզ հետ զրույցում նշեց, որ ավագ քննիչն իրեն ասել է, որ պետք է ցուցմունքներ տամ մայիսի 29-ին Կասկադի բարձունքից իրեն ցած նետած 16-ամյա Տաթեւիկ Սերոբյանի ինքնասպանության գործով:

«Երբ հարցրեցի, թե ինչո՞ւ պետք է ցուցմունք տամ, քննիչը պատասխանեց, որ պետք է գրես, թե որտեղից ես իմացել դեպքի մասին, ով է ասել քեզ եւ ինչու ես գնացել դեպքի վայր: Ես էլ պատասխանեցի, որ թե որտեղից եմ իմացել, դա իմ խնդիրն է, իսկ թե ինչու եմ գնացել, Դուք ինձանից լավ գիտեք. Ես կատարել եմ իմ լրագրողական աշխատանքը»:

Այդուհանդերձ, ավագ քննիչը Գ. Շամշյանին հրավիրել է հունիսի 20-ին ներկայանալ քննչական մարմնին:

«Եթե արտակարգ դեպքեր չլինեն, ազատ լինեմ, գուցեեւ գնամ: Բայց կարծում եմ, որ քննիչը պետք է զբաղվի բուն գործով, ոչ թե հետաքրքրվի, թե որտեղից եմ իմացել դեպքի մասին եւ ինչու եմ գնացել այնտեղ»,- մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Շամշյանը: