Մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանում հունիսի 14-ին ոստիկանի կրակոցներից մահացու հրազենային վնասվածք ստացած, ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող 30-ամյա Արման Ենգիբարյանը զինված է եղել գազային ատրճանակով: Այս տեղեկությունը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Վերջինս ասել է նաեւ, որ մինչեւ վնասազերծումը Ենգիբարյանը չորս անգամ կրակել է իրեն հետապնդող ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, եւ նրանք ստիպված են եղել իրենց ծառայողական զենքից պատասխան կրակ բացելով` վնասազերծել նրան: Երվ հետապնդելիս հանցագործը կրակել է ոստիկանների ուղղությամբ, նրանք կարծել են, թե նա մարտական զենքից է կրակում, եւ միայն վնասազերծումից հետո է պարզվել, որ ատրճանակը գազային է եղել: «Եթե հանցագործին չբռնեին եւ բաց թողնեին, ես չգիտեմ, թե այդ ժամանակ ինչ էինք ասելու, ինչ էինք անելու, ես Ձեզ ինչ էի պատասխանելու: Ես ոստիկանին չեմ մեղադրում, նա գործել է օրինաչափ»,-ասել է Ալիկ Սարգսյանը: