Անցյալ տարվա մայիսին Ջորջ Ֆլոյդի մահացու կալանավորման ժամանակ Դերեք Չովենը խախտել է Մինեապոլիսի ոստիկանական դեպարտամենտի կանոնները եւ «կյանքի սրբությունը» հարգելու մասին նրա էթիկական օրենսգիրքը, հայտարարել է քաղաքի ոստիկանապետ Մեդարիա Արադոնդոն դատարանում Ֆլոյդի սպանության գործով ցուցմունքներ տալու ժամանակ, փոխանցում է Reuters-ը: 

«Դա մեր նախապատրաստության մասը չէ եւ, անկասկած, մեր էթիկայի եւ արժեքների մասը չէ»,- ասել է Արադոնդոն:

Նա 3,5 ժամ տեւած ցուցմունքների ժամանակ վիճարկել է պաշտպանական կողմի այն պնդումները, որ Չովենը, ով հայտարարել էր չկանխամտածված սպանության մեղադրանքով իր անմեղ լինելու մասին, նախապատրաստություն է անցել, որը ստացել է զինված ուժերում 19 տարվա ծառայության ժամանակ:

Ոստիկանների հետ կապված գործերով զբաղվող իրավաբանների խոսքով՝ չափազանց արտասովոր է, որ քաղաքային ոստիկանության ավագ սպան վկայի այն մասին, որ իր նախկին ենթականերից մեկը կիրառել է անհամաչափ ուժ:

«Ես կտրականապես համաձայն չեմ, որ մայիսի 25-ին այդ իրավիճակում դա եղել է ուժի համապատասխան կիրառում»,- ասել է Մինեապոլիսի ոստիկանապետը:

Նրա խոսքով՝ սպաներին սովորեցնում են մարդկանց հետ շփվել արժանապատվորեն, եւ նրանք երդվել են պահպանել «կյանքի սրբությունը»: Նրանք առաջին օգնության ցուցաբերման նախապատրաստություն են անցնում եւ որակավորման բարձրացման ամենամյա դասընթացներ:

Հիշեցնենք, որ Չովենին առաջադրվել են երկրորդ աստիճանի սպանության, երրորդ աստիճանի եւ չկանխամտածված սպանության եւ երկրորդ աստիճանի չկանխամտածված սպանության մեղադրանքներ, որոնցով պատժաժամկետը կազմում է՝ համապատասխանաբար 40, 25 եւ 10 տարի: 

Ֆլոյդի մահվան հետ կապ ունեցող մյուս երեք սպաները՝ Թոմաս Լեյնը, Ջեյ Ալեքսանդր Քուենգը եւ Թոու Թաոն մեղադրվել են երկրորդ աստիճանի սպանությանն օժանդակելու եւ հրահրելու մեջ: Ընդ որում՝ վերջին երկուսը Մինեապոլիսի ոստիկանությունում էին աշխատում մեկ շաբաթից պակաս, նրանք Չովենի մոտ ստաժավորում էին անցնում: