Թուրքիայի պաշտոնատար անձանց հայտարարությունները, որ փորձում են հայ-թուրքական հարաբերությունների հարցը շաղկապել հայ-ադրբեջանական հարաբերություններին, ուղղված են բացառապես ադրբեջանական լսարանին, Մոսկվա մեկնելուց առաջ «Զվաթնոց» օդանավակայանում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե մինչեւ Հայաստանը չվերադարձնի իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, թուրք հասարակությունից հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ դրական արձագանք դժվար է ակնկալել:
Ափսոսանք հայտնելով, որ հայ հանրությունը ծանոթանում է այդ հայատարարություններին ադրբեջանական լրատվամիջոցներով, որոնք խեղաթյուրում են դրանց էությունը, Նախագահը այդուհանդերձ հավելեց. «Նման հայտարարությունները տարօրինակ են հնչում, եթե Թուրքիան պատրաստ չէ վավերացնել դրանք, ինչու է երկու օր առաջ դրանք ստորագրել: Միգուցե Թուրքիան մտածում էր, թե մենք բավարար կամք չենք ունենա եւ կկանգնենք ճանապարհի կեսին: Ցանկացած դեպքում գնդակը Թուրքիայի դաշտում է, եւ մենք բավարար համբերություն ունենք՝ սպասելու իրադարձությունների հետագա զարգացմանը»: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանն արդեն հայտարարել է իր հետագա քայլերի մասին եւ անշեղորեն շարժվելու է այդ ուղղությամբ: «Կվավերացնի Թուրքիան արձանագրությունները, կիրացնի համաձայն գրաֆիկի, մենք կշարունակենք համագործակցել, ոչ՝ մենք չենք երկմտի, կանենք այն, ինչ պետք է»,- նշել է նախագահը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասել էր. «Հիմա մեր նպատակն է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Ղարաբաղի հարցը նույն կերպ լուծման ճանապարհի մեջ մտնի։ Այդ խնդիրը լուծման ընթացքի մեջ մտնելուն պես, մեր հասարակությունը հարաբերությունների կարգավորումը ավելի հեշտ կընկալի։ Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումն էլ կհեշտանա։ Ես ավելի վաղ ասել եմ, որ արձանագրությունները ուղարկվելու է խորհրդարան։ Սակայն ի՞նչ կլինի թուրքական խորհրդարանում՝ Ադրբեջան-Հայաստան խնդրի հետ կապված։ Հայաստանը „գրավյալ“ հողերից դուրս չգալով չի կարող հուսալ Թուրքիայի դրական վերաբերմունքի մասին»։




























