Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման շուրջ արձանագրությունների ստորագրումից հետո, ադրբեջանական կողմի ռեակցիան, ինչպես եւ սպասվում էր, իրեն երկար սպասել չտվեց։

Եվ հազիվ թե չափազանցում կլինի, եթե այն անվանենք իրարանցում կամ, ավելի ստույգ, խուճապ։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրեթ Հասանղուլիեւը Ադրբեջանի դեմ ոչ ավելին, քան դավաճանություն է անվանել Թուրքիայի արարքը՝ նշելով ընդ որում, որ նման քայլի «Թուրքիային դրդել է Արեւմուտքը»։

«Ադրբեջանն այնպիսի անելանելի վիճակում է հայտնվել, որ նա այլ ճանապարհ չունի, բացի ռուս-բելառուսական միութենական պետությունից։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը կարող է պաշտպանել տարաշքային իր ամբողջականությունը միայն այդ միությունում»,- հայտարարել է պատգամավորը։ Մատնանշելով թուրքական ղեկավարության սխալ դիրքորոշումը, Հասանղուլիեւն առաջարկում է վերանայել Թուրքիայի նկատմամբ երկրի քաղաքականությունը. «Ադրբեջանը Թուրքիային է վաճառում իր գազը գործնականում համաշխարհային շուկաներում նրա արժեքից 3 անգամ էժան։ Մենք, կարելի է ասել, Թուրքիային վերածել ենք նավթի ու գազի տարանցիկ երկրի»։

Ինչպես այսօր հայտնել է APA գործակալությունը, հոկտեմբերի 13-ին այցով Անկարա է մեկնում Ադրբեջանի խորհրդարանի 11 պատգամավորներից բաղկացած խումբը։ Նրանք հանդիպումներ կունենան ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ այդ երկրի ընդդիմության հետ եւ իրենց անհանգստությունը կհայտնեն հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների առնչությամբ։

Հարկ է նշել, որ արձանագրությունների ստորագրման վերաբերյալ մեկնաբանություններից զերծ չեն մնացել նաեւ ադրբեջանցի քաղաքագետները։ Այսպես, քաղաքագետ Վաֆա Ղուլուզադեն, տեղի ունեցած ամեն բանում տեսնելով ամերիկյան սցենարը, խոսում է գրագետ նոր քաղաքականություն մտածելու անհրաժեշտությունը։