ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողներին է ներկայացրել ՀՅԴ հայտարարությունը հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վերաբերյալ:

Դրանում, մասնավորապես ասված է. "Հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները:

Այս առիթով ՀՅԴ-ն հայտարարում է, որ քննարկումներն ապացուցեցին, որ արձանագրություններում և գործընթացում առկա են ՀՀ անկախության առաջին օրվանից Թուրքիայի կողմից առաջ քաշված երեք հիմնական նախապայմաններ բավարարող տրամադրություններ: Ակնհայտ դարձավ նաև, որ ՀՀ նախագահի քաղաքականությունը պաշտպանող հայկական շրջանակներում նույնպես առկա էին նույն մտահոգությունները:

Այդ մտահոգություններն, ի վերջո, արտահայտվեցին հոկտեմբերի 10-ին հայ ժողովրդին ուղղված ՀՀ նախագահի ուղերձում: ՀՀ նախագահը բացահայտեց այն նույն վտանգները՝ նախապայմանների առկայությունը, որ ՀՅԴ-ն արտահայտել էր: Մանավորապես նախագահը հայտարարել է.

1. Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն չի կարող կասկածի տակ դնել հայոց ցեղասպանության իրողությունը և հայ ժողովրդի հայրենազրկման փաստը։

2. Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է սահմանների հարց:

3. Ստորագրված փաստաթղթերը ոչ մի կերպ չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմանխնդրի կարգավորման հետ:

Համոզված ենք՝ ՀՀ նախագահի այս կեցվածքի ավելի վաղ դրսևորումը կարող էր ի սկզբանե ճիշտ հունավորել քննարկումները և հանգեցնել արձանագրությունների ստորագրման մերժմանը: Այս կեցվածքը պետք է ուղենիշ դառնա ՀՀ իշխանության բոլոր ներկայացուցիչների համար:

Արձանագրությունների ստորագրման արարողության ընթացքին Թուրքիայի ցուցաբերած ապակառուցողական կեցվածքը պերճախոս վկայությունն էր, որ Թուրքիան գործընթացը իրականացնում է հօգուտ սեփական նախապայմանների իրագործման, ինչը բավարար հիմք էր, որ Հայաստանը հրաժարվեր դրանք ստորագրելուց: ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Եվրամիության և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ներկայությունը և արձանագրությունների ստորագրումը ցանկացած գնով՝ փաստորեն պարտադրանք էր Հայաստանի վրա:

Արձանագրությունների ստորագրման փուլին հաջորդում է պայքարի նոր հանգրվան: Թուրքիայի կողմից հնչեցված նոր հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանին ու հայությանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է: Այս պայմաններում անհրաժեշտ է հնարավոր բոլոր միջոցներով բացառել արձանագրությունների վավերացումը:

ՀՅԴ-ն վճռական է արձանագրությունների վավերացումը ձախողելու պայքարում: Այդ նպատակի համար Դաշնակցությունը կդիմի քաղաքական և սահմանադրական բոլոր միջոցներին, ընդհուպ մինչև իշխանափոխություն: