Վանաձորում հունիսի 18-ին տեղի ունեցավ Flashmob Division-ի եւ Խաղաղության երկխոսություն կազմակերպության համատեղ «Բազմազանության րոպե» հերթական ֆլեշմոբը: Կազմակերպությունների ներկայացուցիչները հանrդիպեցին «Green house» հյուրանոցում, որտեղ տեղի ունեցավ երկխոսություն : Կազմակերպություններից յուրաքանչյուրը կատարեց պատմական էքսկուրս, ներկայացնելով իրենց կազմակերպության պատմությունը, սկզբնավորման հիմքը, ինչպես նաեւ նպատակները: 

«Խաղաղության երկխոսություն» կազմակերպությունը իրենց նպատակների վերաբերյալ խոսեց փոքրիկ ներկայացումների միջոցով, ինչը լսարանին առավել հասանելի դարձրեց կազմակերպության բուն նպատակի մասին: Ինչ վերաբերում է Flashmob Division-ի տղաներին, ապա նրանք ինչպես միշտ, իրենց յուրահատուկ յուրօրինակ ձեւով ներկայացրեցին իրենց ակտիվ գործունեությունը թե Երեւանում, եւ թե Հայաստանի մարզերում :

Այնուհետեւ երկխոսությունը տեղափոխվեց Վանաձոր քաղաքի  կենտրոնական հրապարակ, որտեղ էլ տեղի ունեցավ երկու կազմակերպությունների կողմից կազմակերպած «Բազմազանության րոպե» ֆլեշմոբը :

«Ակնկալիքներս  արդարացան,  դրական էր: Այս ամենը շատ կարեւոր է Վանաձորի համար եւ բավականին լավ փորձի փոխանակում: Մենք նույնպես կուզեինք գալ Երեւան եւ այնտեղի երիտասարդների համար նույնպես ֆլեշմոբային ակցիաներ կազմակերպել: Շատ ծրագրեր կան, որ կուզենք ներգրավել ֆլեշմոբի տղաներին»,- նշեց «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության համահիմնադիր Էդգար Խաչատրյանը:

Ակցիայի ներկայացուցիչները եւս գոհ էին մնացել թե փորձի փոխանակումից, թե իրար հետ հասարակ շփումից :

«Շատ տպավորված եմ, համագործակցությունը ստացվեց: Շատ կազմակերպված էր, բավականին լավ անցավ : Բավականին նպատակամետ համագործակցություն էր եւ հուսով եմ դեռ կշարունակենք համագործակցել»,-արտահայտվեց տվյալ ֆլեշմոբի մասնակիցներից ուսանողուհի Էվելինա Սարդարյանը:

Հիշեցնենք, որ ֆլեշմոբ նշանակում է կայծակնային ամբոխ: Flashmob Division-ի ներկայացուցիչները  առաջին անգամ ֆլեշմոբ իրականացրել են 2010 թվականի ապրիլի 22-ին, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանց կողմից մինչ այսօր իրականացվել է 14 ֆլեշմոբ: