Հայաստանի կառավարության եւ UNESCO-ի որոշումների համաձայն 2012թ. ընթացքում նշվելու է միջնադարի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյակը: Որպես գլխավոր միջոցառում նախատեսվում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում կազմակերպել միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողով, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական եւ ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը:
Այդ գիտաժողովին եւ այլ միջոցառումներին պատշաճ կերպով նախապատրաստվելու նպատակով, 2011թ. հուլիսի 12-13-ին նույնպես Բյուրականի աստղադիտարանում Լեյդենի համալսարանի պրոֆ. Հրաչ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կկայանա Անանիա Շիրակացուն նվիրված սեմինար: Սեմինարին մասնակցելու են Բյուրականի աստղադիտարանի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, Մատենադարանի գիտաշխատակիցները եւ այլոք: Կներկայացվեն Հրաչ Մարտիրոսյանի «Անանիա Շիրակացու ժառանգությունը. բանասիրական ու բառաքննական ակնարկ», «Հայոց աստղագիտության պատմությունը լեզվական տվյալների լույսի ներքո. տիեզերքի կառուցվածքն ու աստղանունները հայոց մեջ» եւ «Ժամանակի բաժանումը հին հայոց մեջ. տարվա եղանակներ, ամսանուններ, օրանուններ, ժամանուններ» զեկուցումները, Արեգ Միքայելյանի «Հայաստանի պատմա-աստղագիտական հարցերի համակարգում» եւ մի շարք այլ զեկուցումներ: Սեմինարին հրավիրվում են նաեւ գիտական լրագրողները, որոնց մասնակցությունը կարեւորվում է 2012թ. միջոցառումների պլանավորման եւ լուսաբանման տեսանկյունից: Սեմինարի վերջնական ծրագիրը կհրապարակվի հուլիսի սկզբին:




























