Ադրբեջանը լիովին հասկանալի շահեր ունի Ռուսաստանի առնչությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի հետազոտման Կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կառավարող վերնախավի վերջին հայտարարությունները «սեթեւեթա՞նք» են թե որոշակի նպատակի հասնելու ձգտում, փորձագետը պատասխանել է, որ կա թե մեկը, թե` մյուսը: Միեւնույն ժամանակ, Սկակովը կարծում է, որ վերաբերմունքի փոփոխությունը տեղի է ունեցել ոչ հիմա, այլ շարունակվում է մի քանի տարի: Դրան նպաստել են մի քանի գործոններ` հարաբերությունների փոփոխությունը Ադրբեջանի եւ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջեւ, որոշակ սպառնալիքները Իրանի կողմից, որոշակի սառեցումը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: «Բացի այդ, Ադրբեջանում բավական ավտորիտար ռեժիմ է, եւ Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արեւելքում հեղափոխությունների ալիքը ստիպել է մտածել ապագայի մասին այն իմաստով, թե Ռուսաստանի աջակցությունը ցանկալի է: Ընդ որում, նկատելի են ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացումը, ինչի մասին վկայում են ժողովրդավարության մակարդակի մասին ավելի հաճախ եւ համառ հայտարարությունները»,- ասել է Սկակովը: Նա նշել է նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման հնարավորությունը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում` ապահովելու Ռուսաստանի չեզոքությունը:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի կառավարող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին կառույցի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անսպասելի ռեւերանսներ էր արել Ռուսաստանի հասցեին:



























