Հայաստանի պետական  բյուջեից Շիրակի մարզին հատկացված 1,32 մլրդ միլիոն դրամի շրջանակներում շինարարական մրցույթներն իրականացվել են եւ արդեն սկսվել են շինարարական աշխատանքները: Այդ գումարի շրջանակներում մարզում իրականացվում են ճանապարահաշինության, դպրոցների մարզադահլիճների, կտուրների վերանորոգման աշխատանքներ ինչպես Գյումրիում, այնպես էլ մարզի այլ բնակավայրերում:

Գյումրիում հիմնանորոգվում են Սեվյան եւ Լիսինյան փողոցները, որոնք վերջին ժամանակներում երբեւէ չեն հիմնանորոգվել: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի խոսքով, հատկապես այդ ճանապարհները կարեւոր նշանակության են:

«Մասնավարապես Սեվյանը մեզ համար պետական նշանակություն ունի: Բացի այն, որ Գյումրիի բոլորովին տարբեր թաղամասեր իրար կապող կարճ ճանապարհ է, նաեւ Գյումրի- Սպիտակ ճանապարահատվածի մի մաս է հանդիսանում»,- ասել է նա:

Հունիսի 20-ին շինարարական հրապարակներ են այցելել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, մարզի քաղաքաշինության ու կրթության վարչության պատասխանատուները: Նրանք հետեւել են շինարարական աշխատանքների ընթացքին, ու խոստացել, որ ծրագրի այս փուլի հաջող ընթացքից հետո այն նոր շարունակություն կունենա: Ծրագրով նախատեսվում է նաեւ բազմաբնակարան հարթ տանիքավոր շենքերի կտուրների հիմնանորոգման աշխատանքներ Անի եւ Բուլվարային թաղամասերում: Գյումրիի գեղարվեստի երրորդ արհեստագործական  ուսումնարանում նույն ծրագրի շրջանակներում իրականացվում է կտուրի ու սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ:

Պետական ծրագրով աշխատանքներ տարվում են նաեւ մարզի մի շարք դպրոցներում ու կրթական հաստատություններում: Գյումրիից ընդգրկվել են երկու դպրոց: Աշխատանքներն արդեն սկսված են Գյումրիի թիվ 15 դպրոցում: «Ընդգրկվել է 15-րդ դպրոցն այն պատճառով, որ այստեղ վիճակն առավել վատթար է: Վթարային էր թե ճաշարանը, թե մարզադահլիճը:Վերջին անգամ մարզադահլիճը հիմնանորոգվել է1989 թվականին»,- NEWS am-ի թղթակցին փոխանցել է Շիրակի մարզի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը: Դպրոցի տնօրեն Անահիտ Խաչատրյանի  վստահեցմամբ, ֆիզկուլտուրա առական պարապել են դասասենյակներում: Թիվ 15 դպրոցում նախատեսված գումարի չափը 50 միլիոն դրամ է: Աշխատանքներն ավարտելու են մինչեւ սեպտեմբերի մեկը: