«Ինչպես փոխանցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեր աղբյուրները, այսօր ԱԺ արտահերթ նիսի գումարումից առաջ ԲՀԿ-ն ժողով է անելու, որի ժամանակ պետք է որոշվի, թե ինչ են պատասխանելու ԲՀԿ-ական պատգամավորները ընդդիմության եւ իշխանության միջեւ հնարավոր երկխոսության վերաբերյալ հարցերին:
ԲՀԿ-ն մինչ այժմ սույն թեմայով միայն ընդհանուր հայտարարություններ է արել` նշելով, թե ողջունում է երկխոսությունը` խուսափելով, սակայն, ավելի կոնկրետ հարցերի պատասխանելուց: Կուսակցության մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ «Բարգավաճ Հայաստան»-ը քննարկում է հունիսի 24-ին Կազանում կայանալիք ԼՂ հարցով Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ հայտարարությամբ հանդես գալու հարցը»,-գրում է «ՀԺ»-ն:
Ի դեպ, թերթին հայտնի է դարձել, որ նման հարց է քննարկում նաեւ ՀՅԴ-ն: Ըստ թերթի իշխանական աղբյուրների, նախօրեին որոշ ՀՅԴ-ականներ հավաքվել են Աշտարակի ձորում եւ շուրջ երեք ժամ քննարկել են այդ հարցը: ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից կլինի՞ ի վերջո հայտարարություն, թե՞ ոչ, դեռ հայտնի չէ: «Ենթադրվում է, որ սույն ուժերը հրահանգի են սպասում Ռոբերտ Քոչարյանից»,-նկատում է պարբերականը:




























