Հանցավորության եւ արմատականացման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովը (CIPDR), որը կապված է Ֆրանսիայի ՆԳՆ-ի հետ, քննադատել է Anadolu թուրքական պետական գործակալությանը:
Թվիթների շարքով CIPDR-ը հայտարարել է, որ «չնայած Anadolu-ն իրեն ներկայացնում է որպես լրատվական գործակալություն, իրականում այդպես չէ»: «Դա քարոզչական մարմին է, որն իր կայքում հրապարակում է հոդվածներ, որոնք խաբուսիկ ու զրպարտիչ կերպով հարձակվում են Ֆրանսիայի վրա»:
Նշելով, որ Anadolu-ն շարունակում է «Ֆրանսիայի մասին կեղծ լուրերի տարածումը», հանձնաժողովը այս լրատվական գործակալությանն անվանել է «քարոզչական մարմին», որը «պնդում է, թե երկիրը թիրախավորում է իր մահմեդական քաղաքացիներին»:
Հիշեցնելով Ֆրանսիայում ընդունված օրենքի մասին, որն ասում է, որ «Հանրապետությունն ապահովում է խղճի ազատությունը եւ երաշխավորում է կրոնական ծեսերի ազատ նշումը», հանձնաժողովն այնուհետեւ նշում է, որ «երկրի բոլոր քաղաքացիների՝ ինչպես հավատացյալներին, այնպես էլ անհավատներին, վերաբերվում են հավասար»։ Հանձնաժողովը հիշեցրել է, որ Ֆրանսիան աշխարհիկ երկիր է:
Հանձնաժողովը նաեւ թուրքական ԶԼՄ-ների լրատվությունից մի քանի օրինակներ է բերել: «Anadolu-ն Ֆրանսիային մեղադրում է «իր բնակչության մի մասին իրենց հայացքների եւ կրոնական պատկանելության համար քրեականացնելու» ցանկության մեջ: Դա բոլորովին ճիշտ չէ»,- հայտարարել է հանձնաժողովը՝ լուրը որպես «ֆեյք» պիտակավորելով։
Մեկ այլ հրապարակման մեջ Anadolu-ն պնդում էր, որ «Ֆրանսիան ցանկանում է լռեցնել մահմեդականներին», ինչը նույնպես «բոլորովին ճիշտ չէ»:
Հանձնաժողովը նշել է, որ Ֆրանսիան «ճանաչում է իր բոլոր քաղաքացիներին՝ տարբերություն չդնելով նրանց ծագման կամ կրոնի մեջ, եւ հարգում է բոլոր դավանանքները: Պետությունը ամբողջությամբ եւ ամեն օր մասնակցում է ռասիզմի եւ հակասեմականության բոլոր դրսեւորումների դեմ պայքարին: «Ֆրանսիան չի հանդուրժի ստի ու զրպարտության տարածումը, որոնք խաթարում են ունիվերսալիզմի եւ հումանիզմի նրա հիմնարար սկզբունքները»:



























