Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր` հունիսի 22-ին աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթի վարչական շրջանում, այն սկսելով Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնից:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պանթեոնն ամբողջությամբ բարեկարգվում է, թարմացվում են քայքայված սալահատակները, վերակառուցվում են ճեմուղիները, բարեկարգվում են նաեւ խարխլված որոշ արձաններ եւ պատվանդաններ:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել նաեւ պանթեոնի կանաչ գոտիների խնամքին եւ ոռոգանը:
Այնուհետեւ նա այցելել է թիվ 141 մանկապարտեզ, որը «Հայաստան» հիմնադրամի միջոցներով ամբողջությամբ հիմնանորոգվում է, թարմացվում է նաեւ գույքը: Շուրջօրյա ռեժիմով աշխատող մանկապարտեզ են հաճախում հիմնականում անապահով, ծնողազուրկ եւ անօթեւան երեխաներ:
Քաղաքապետն այցելել է նաեւ տարբեր բակեր, որոնք բարեկարգվել են վերջին ամիսներին:
Նոր Նորք վարչական շրջանում էլ աշխատանքային շրջայցի ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գետնանցումներում առեւտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին պարտադրել կատարելու շրջակա տարածքը մաքուր եւ բարեկարգ պահելու վերջիններիս պայմանագրային պարտավորությունները: Նա շրջել է վարչական շրջանի զբոսայգիներում, ծանոթացել նախատեսվող բարեկարգման եւ կանաչապատման ծրագրերին:
Քաղաքապետը եղել է նաեւ Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի փողոցի 11 եւ 12 շենքերի բակում, որը, ընթացող բարեկարգման աշխատանքներից հետո, շուտով բնակիչների համար կվերածվի հանգստի յուրօրինակ գոտու:



























