«ՀԱՄԱՍ»-ը եւ «Իսլամական ջիհադ»-ը «ծանր գին կվճարեն» Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա հարձակման համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Պաշտպանության նախարար Բենի Գանցի եւ իսրայելական ՑԱԽԱԼ-ի շտաբի պետ Ավիվ Կոհավիի հետ, հայտնում է Times of Israel-ը:

«Նրանց արյունն իրենց սեփական ձեռքերին է»,- ասել է Նեթանյահուն: «Մենք միավորվել ենք զազրելի թշնամու դեմ: Մենք բոլորս սգում ենք մահացածներին, աղոթում ենք վիրավորների համար եւ աջակցում ենք ՑԱԽԱԼ-ի ուժերին»,- ասել է Նեթանյահուն նախօրեին կենտրոնական Իսրայելի վրա հրթիռային հարձակումներից հետո, որի արդյունքում երեք իսրայելցի է զոհվել:

Նրա խոսքով՝ զինվորականները հարյուրավոր թիրախներ են խոցել Գազայի հատվածում եւ կշարունակեն ռեյդերը: «Մենք շարունակում ենք ամբողջ ուժով,- ասել է նա:- «ՀԱՄԱՍ»-ը եւ [Պաղեստինյան իսլամական] ջիհադը մեծ գին են վճարել եւ վճարելու»: Ընդ որում, նա հավելել է, որ «այս արշավը ժամանակ կպահանջի»:

«Վճռականությամբ, միասնությամբ եւ ուժով մենք կվերականգնենք Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը»,- խոստացել է Նեթանյահուն: 

Պաշտպանության նախարար Գանցը հայտնել է, որ Իսրայելը «զարգացման բազմաթիվ թիրախներ ունի», որոնք այն դեռ կարող է խոցել Գազայի հատվածում: Նրա խոսքով՝ «ահաբեկչական կազմակերպությունները մեծ վնասներ են կրել եւ շարունակելու են հարվածների ենթարկվել՝ Իսրայելի վրա կրակ բացելու իրենց անխոհեմ որոշման պատճառով»: Նա նաեւ կոչ է արել արաբների եւ հրեաների միջեւ հանգստություն պահպանել երկրի ներսում: «Իսրայելի պաշտպանության ուժերն ապահովում են բոլորի՝ հրեաների եւ արաբների անվտանգությունը»,- ասել է նա՝ «բոլոր իսրայելցիներին պատասխանատվություն ցուցաբերելու եւ բռնությունից»:

ՑԱԽԱԼ-ի ղեկավարը նշել է, որ Իսրայելի զինված ուժերը «Պատի պահակախմբի» գործողության շրջանակներում մեկուկես օրվա ընթացքում ավելի քան 500 թիրախ են խոցել՝ տասնյակ ահաբեկիչ մարտիկների սպանելով: Նա հայտել է, որ զինված ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել «ՀԱՄԱՍ»-ի եւ Պաղեստինյան իսլամական ջիհադի թիրախներին Գազայի հատվածում եւ պատրաստ են ավելի լայն հակամարտության:

Իսրայելի Պաշտպանության ուժերը հաղորդել են նաեւ «ՀԱՄԱՍ»-ի հետախուզության երկու կարեւոր գործիչների ոչնչացման մասին:

Նախօրեին Իսրայելի կենտրոնական եւ հարավային շրջաններում բազմիցս հրթիռային ազդանշաններ են հնչել: Գազայից մի քանի հեռահար հրթիռ էր արձակվել դեպի Թել Ավիվի եւ դրա արվարձանների ուղղությամբ: «ՀԱՄԱՍ»-ը հայտարարել է, որ միաժամանակ ավելի քան 130 հրթիռ է արձակել:

Կենտրոնական Ռիշոն Լե Ցիոն քաղաքում հրթիռակոծության արդյունքում մի կին է զոհվել: Հրթիռներն ընկել են նաեւ Թել Ավիվի արվարձաններ Հոլոնի եւ Գիվատայիմի վրա, ինչի հետեւանքով առնվազն ութ մարդ վիրավորվել:
Երեքշաբթի երեկոյան իսրայելական ինքնաթիռները պատասխան ավիահարվածի արդյունքում 13 հարկանի բնակելի շենք էին ոչնչացրել Գազայում:

Մինչդեռ Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հրթիռային հարձակումների զոհերի թիվը հասել է 35-ի, հայտնում է պաղեստինյան Al-Mamlaka հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առողջապահության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ իսրայելական բանակի գիշերային հարվածների արդյունքում երեք պաղեստինցի է զոհվել: Երեքշաբթի զոհվել էր 15 մարդ, իսկ երկուշաբթի օրվանից մահացել է ընդհանուր 35 մարդ: Զոհերի թվում կա 12 երեխա եւ մի կին: Տուժածների թիվը հասել է 233-ի, փոխանցում է ՏԱՍՍ-ը: