Խորվաթիան Եվրամիությունում առաջինն է հաջողությամբ փորձարկել առողջության վկայականները, այսպես կոչված՝ քովիդ-անձնագրերը,- ասել է ՆԳ նախարար եւ ազգային ճգնաժամային շտաբի ղեկավար Դավոր Բոժինովիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Առեւտրային գործակալությունը, որը պատասխանատու է տեխնիկական լուծման մշակման համար, հաջողությամբ փորձարկել է կենտրոնական թվային տերմինալը, եւ հաստատվել է, որ խորվաթական համակարգի բոլոր հիմնական բաղադրիչները աշխատում են եւ պատրաստ են սկսել սերտիֆիկատների տրամադրումը, որը հայտարարվում է հունիսի սկզբին»,- Բոժինովիչի խոսքերն է մեջբերում նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Համակարգը հաջողությամբ գեներացնում է QR կոդեր բոլոր երեք տիպի վկայագրերի համար՝ պատվաստումների, թեստավորումների, ինչպես նաեւ տարած հիվանդության մասին, եւ տերմինալի միջոցով «բանալիներ» է փոխանակում ԵՄ այլ անդամ երկրների հետ»,- նշել է Խորվաթիայի ՆԳՆ ղեկավարը:

Նա հավելել է, որ այլ պետությունների կողմից տրված վկայագրերը ստուգելու համար ձեւաթուղթ է ստեղծվել, եւ ընդգծել է, որ համակարգի տեխնիկական պատրաստվածությունը նախատեսված ժամկետից երեք օր շուտ է հաստատվել:

Խորվաթիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ Խորվաթիա է առաքվել արեւմտյան արտադրության 1,5 միլիոն դոզա տարբեր պատվաստանյութեր: Հինգշաբթի օրը երկրի չորս միլիոն բնակչության 29%-ը պատվաստումների մեկ դեղաչափ է ստացել, բնակչության 8%-ը ամբողջությամբ պատվաստվել է: