«Ադրբեջանահայերի ասամբլեա» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը բաց նամակ-հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ «Ադրբեջանահայերի համագումար» կազմակերպությունն իրավունք չունի հանդես գալ ադրբեջանահայերի անունից:

Բաց նամակ-հայտարարության մեջ ասվում է.

«Ադրբեջանահայ վտարանդի համայնքը խստիվ դատապարտում է որոշ նախկին հայ գործիչների միջամտությունն Ադրբեջանահայ համայնքի ներքին գործերին:

Մեզ համար անընդունելի է նրանց կողմից փախստականների հարցի շահարկումը ներքին քաղաքականության ասպարեզում հանուն սեփական մահացած քաղաքական կարիերայի վերակենդանացմանը:

Ուստի մենք չենք ճանաչում այսպես կոչված Ադրբեջանահայության համագումարի լեգիտիմությունը եւ իրավունքը հանդես գալ ողջ Ադրբեջանահայության անունից: Նրանց անվանումն անգամ յուրացված է մեզնից գրագողության կարգով: Մեր եւ նրանց միջեւ ոչ մի ընդհանրություն չկա, քանզի տարբեր են մեր նպատակները:

Այս ինքնակոչ գրագողերի գործունեությունը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանահայ փախստականների իրական շահերի պաշտպանության հետ: Գոյություն ունի Ադրբեջանահայերի միայն մեկ իսկական շարժում, եւ դա մեր շարժումն է:

Հայաստանի ներքաղաքական դաշտում մենք ոչ մի թշնամի չունենք, մեր միակ թշնամին Ադրբեջանում իշխող հանցավոր բռնատիրական վարչակարգն է»: