Կառավարութունն այսօր` հունիսի 23-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի օրենսդրական նախաձեռնությանը:

Պատգամավորն առաջարկում է ընդունել օրենք «Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին»: Նախագիծը ենթադրում է փոքր բիզնեսի համար արտոնյալ հարկային ռեժիմի ստեղծում, իրավաբանական անձի ստեղծման, գործունեության գրանցման, արտոնագրերի տրամադրման, հարկային եւ այլ վարչական հաշվառման հեշտացված կանոններ:

Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ արդեն իսկ կան իրավական ակտեր, որով կարգավորվում է փոքր եւ միջին բիզնեսին պետական աջակցության տրամադրումը: Մասնավորապես` գործում է «Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը:

Ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է ՓՄՁ ոլորտի զարգացման նոր ռազմավարություն (հայեցակարգ): Ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, նոր օրենքի նպատակահարմարություն չկա, իսկ ԱԺ նախագահի տեղակալի առաջարկները կարելի է դիտարկել նշված ռազմավարության (հայեցակարգի) համատեքստում: