ՀՀ Կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում գարնանային ցրտահարության, կարկտահարության և հրդեհի ռիսկերի գծով 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար կնքվել է թվով 1546 ապահովագրության պայմանագիր։ 2020 թվականին գրանցված ապահովագրական պատահարների հետևանքով ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրված տնտեսավարողներին վճարվել է շուրջ 151.3 մլն դրամի չափով ապահովագրական հատուցում:

2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապրիլի 30-ի դրությամբ կնքվել է թվով 3.523 ապահովագրության պայմանագիր (առավել շատ պայմանագրեր կնքվել են հետևյալ մարզերում՝ Լոռի՝ 1082, Արմավիր՝ 951, Շիրակ՝ 661 և Արագածոտն՝ 323), սակայն 2021 թվականի համար գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը դեռ շարունակվում է և ավարտվում է մայիսի 20-ին։ 2021 թվականին գրանցված ապահովագրական պատահարների հետևանքով ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրված տնտեսավարողներին կվճարվի ապահովագրական հատուցում բերքահավաքից հետո, քանի որ բերքի փաստացի վնասի չափի գնահատումն իրականացվում է բերքահավաքից 10-15 օր առաջ՝ վնասը գնահատող անկախ փորձագետի կողմից տրված եզրակացության հիման վրա։