Ուկրաինայում ձերբակալվել են երկու ամենաազդեցիկ «օրենքով գողերը»՝ Ումկա եւ Լաշա Սվան մականուններով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մայիսի 14-ին նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ էր կիրառել 557 քրեական հեղինակությունների դեմ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել հանցավոր կազմակերպությունների միջոցով ազդեցություն տարածելու մեջ: «Իրավապահները պարզել են նրանց գործունեության եւ հաղորդակցության բոլոր ոլորտները: Քրեական աշխարհի «վերեւներից» այս մարդիկ ստեղծել են հանցավոր խմբավորումներ եւ իրենց ներկայացուցիչների միջոցով վերահսկել են պետությունում հանցագործներին, հրահրել են նոր հանցագործություններ եւ հանգեցրել են քաղաքացիների անվտանգությանն ուղղված լրացուցիչ սպառնալիքների»,- ասվում է Ուկրաինայի ազգային ոստիկանության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ երկու կասկածյալներն էլ համարվում են Ուկրաինայի ամենաազդեցիկ «օրենքով գողերը» եւ միանգամից մի քանի մարզերում՝ Դնեպրոպետրովսկում, Օդեսայում, Նիկոլաեւում, Զապորոժիեում, ինչպես նաեւ երկրի արեւմտյան մասի մի շարք շրջաններում վերահսկել են հանցավորությունը։

Այժմ քննիչները նրանց համար կասկածանքի հաղորդում են պատրաստում Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 255-1 հոդվածի («Հանցավոր կազմակերպության ստեղծում») համաձայն: Խուզարկությունները շարունակվում են: