2017թ. պաշտոնից հեռանալուց հետո նախագահ Բարաք Օբաման, որը հայտնի է հանգիստ բնավորությամբ, հիմնականում դեմ չի արտահայտվել իր հաջորդի՝ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։ Բայց 2020թ. նախագահական ընտրարշավն սկսվելու պահին դիմակները դեն նետվեցին։

Ջո Բայդենի ընտրարշավի ընթացքում Օբաման մի քանի աղմկալի հայտարարություններ արեց, որոնցում կտրուկ քննադատում էր Թրամփին։ Նա նաեւ քննադատում էր Թրամփին կուլիսների հետեւում՝ ըստ Էդվարդ-Իսահակ Դովերի «Պայքար հանուն հոգու. Դեմոկրատների՝ Դոնալդ Թրամփին հաղթելու ընտրարշավի ներսում» նոր գրքի։ The Guardian-ը մեջբերումներ է կատարում գրքից, որը պետք է հրապարակվի եկող շաբաթ։

Գրքի համաձայն՝ դոնորների եւ քաղաքական խորհրդականների հետ խոսակցություններում Օբաման Թրամփին անվանել է «կոռումպացված տականք», «խելագար» եւ «ռասիստ, սեռամոլ խոզ»։

Չնայած Օբաման եւ Թրամփը, ամենայն հավանականությամբ, երբեք միասին գոլֆ խաղացած չեն լինի, բայց Թրամփի հանդեպ Օբամայի արհամարհանքի մանրամասները լայնորեն չեն լուսաբանվել։

Հեղինակը գրում է, որ Օբաման ավելի շատ շահագրգռված էր, որ Թրամփը նախագահ դառնար, ոչ թե հանրապետական սենատոր Թեդ Քրուզը, հիմնականում այն պատճառով, որ Թրամփին համարում էր ոչ այնքան խելացի, որքան Քրուզը։ Բայց երբ Թրամփը նախագահ դարձավ, Օբամայի ներողամտությունը պակասեց իր հաջորդի հանդեպ։

Ինչպես գրում է Դովերը, Օբաման «խոշոր դոնորներին, որոնք ցանկանում են նրանից արձագանք կորզել նրա հիմնադրամին դուրս գրված պատկառելի չեքերի դիմաց», ասել է, որ Թրամփը «խելագար» է։

«Ես չէի կարծում, որ այդքան վատ կլինի... Ես չէի կարծում, որ մեզ մոտ կլինի ռասիստ, սեռամոլ խոզ»,- Օբամային մեջբերում է հեղինակը։

Նա նաեւ վրդովմունք է հայտնել այն տեղեկությունների հետ կապված, որ Թրամփը զրուցել է օտարերկրյա առաջնորդների, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առանց օգնականների մասնակցության»։ «Նա կոռումպացված տականք է»,- ասել է Օբաման։