Մալթայի արտաքին գործերի եւ Եվրոպայի գործերի նախարար Էվարիստ Բարտոլոն Սոչիում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի երկրների միջեւ զբոսաշրջության վերականգնման հարցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Առաջնահերթ կլինեն Ռուսաստանի եւ Մալթայի երկկողմ հարաբերությունները։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք բավական բարելավել մեր հարաբերությունները, հատկապես առեւտրի եւ տուրիզմի ոլորտներում։ Մենք պետք է վերականգնենք տուրիզմը»,- ասել է Բարտոլոն ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպումից առաջ։
Մալթայի արտգործնախարարության ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը եւ Մալթան դադարեցրել են ակտիվ զբոսաշրջությունը համավարակի պատճառով, բայց Վալետան շահագրգռված է, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերականգնվեն զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից՝ ոլորտում աշխատանքային զբաղվածության խթանման նպատակով։ «Տուրիզմը շատ կարեւոր է մեր տնտեսության, մեր մարդկանց համար։ Մեր բնակչության մոտ 16 տոկոսն աշխատում է զբոսաշրջային ոլորտում, մեր տնտեսության 30 տոկոսն ուղղակիորեն կախված է տուրիզմից։ Ուստի, մեզ համար տուրիզմի վերականգնումն ու ամրապնդումը շատ կարեւոր են,- նշել է նախարարը։- Զբոսաշրջային այդ շուկան սկսել է լավ զարգանալ։ Ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են սկսել գալ Մալթա։ Եվ մենք կցանկանայինք վերականգնել այն։ Մենք ցանկանում ենք ուղիղ չվերթներ ունենալ Մալթայի եւ Ռուսաստանի միջեւ»։





























