Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն այսօր` հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ` ծանոթանալու ԴԱՀԿ ծառայության ստորաբաժանման խնդիրներին եւ տրված հանձնարարականների կատարման ընթացքին։

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մ. Պողոսյանը տեղում խորհրդակցություն է անցկացրել: Զեկուցվել է, որ համաձայն հանձնարարականի՝ Արմավիրի տարածքային բաժինը համալրվել է անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով: Քննարկվել է նաեւ Էջմիածին քաղաքի ԴԱՀԿ բաժանմունքի տարածքի հարցը:

Ամփոփելով խորհրդակցությունը, Միհրան Պողոսյանը աշխատակիցներին   կոչ է արել պատվով կատարել իրենց լիազորված պարտավորությունները, իսկ  Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Գեղամ Ղարիբյանին շնորհել է արդարադատության կապիտանի կոչում:

Նշենք, որ 2011 թվականի հունվարից մինչեւ հունիսի 23-ը ԴԱՀԿ ապահովող ծառայության Արմավիրի մարզային ստորաբաժանումում եղել է 4851 ընթացիկ կատարողական վարույթ, բոլոր պահանջատերերի օգտին բռնագանձվել  է ավելի քան 348 մլն դրամ: