«Շվեյցարիայում օրեր առաջ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանում չեն վավերացվի այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան հարցը չի լուծվել»,- հոկտեմբերի 13-ին կազմակերպված Երեւան-Մոսկվա-Անկարա տեսակամուրջի ընթացքում հայտարարեց միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի նախագահ Սինան Օհանը։
Ընդգծելով, որ թուրքական խորհրդարան մուտք չի գործի մի փաստաթուղթ, որը չի պարունակի ղարաբաղյան հարցի լուծման դրույթներ՝ ի օգուտ եղբայրական Ադրբեջանի, թուրք բանախոսը համոզմունք հայտնեց, որ մինչեւ 2010թ. նոր զարգացումների այս գործընթացում չարժե սպասել։
Ի պատասխան նրա ձեւակերպումների՝ ռուսաստանցի բանախոս, ՀԱՊԿ խորհրդի անդամ Ռամիլ Ռադիկովը առաջարկեց մի կողմ թողնել ղարաբաղյան հարցը եւ քննարկել հայ-թուրքական արձանագրությունները, ինչի համար եւ հավաքվել են։ Նշելով, որ սա դրական գործընթաց է՝ նա հավելեց, որ Ռուսաստանը սատարում է երկու կողմերի ցուցաբերած բարի կամքի դրսեւորմանը։
Թուրք մյուս բանախոսի՝ եվրոպական անվտանգության ակադեմիայի փոխնախագահ Հուսեյն Բեգջիի այն տեսակետին, թե փաստաթղթերի ստորագրումը «արեւի պես կլուսավորի մինչ այժմ եղած խավարը, իսկ սկսված գործընթացից Հայաստանը միայն կշահի թե՛ տնտեսական եւ թե՛ մյուս ոլորտներում», հայկական կողմի ներկայացուցիչ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ «սա դեռ ճանապարհի սկիզբն է, եւ փաստաթղթերի վավերացման գործընթացը երկկողմ բազմաթիվ հակասությունների է հանգեցնելու, եթե, իհարկե, քաղաքական գործիչները չփորձեն ճիշտ կերպով ուղղորդել երկու երկրների հասարակությանը»:
Շարունակելով նրա միտքը՝ Հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանը ակնհայտ համարեց այն փաստը, որ Թուրքիայում լավ են հասկանում, թե որքան դժվար է Ցեղասպանության ենթարկված ժողովրդին հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, նամանավանդ, երբ նա նախապայմաններ է առաջադրում, այն դեպքում, երբ Հայաստանն այդպիսիք չի ներկայացնում։
Վերջում նկատելով, որ եռակողմ զրույցն արդյունավետ ստացվեց, Դաշնային խորհրդի փոխնախագահ Վասիլի Լիխաչեւը հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները համարեց «ամուսնացած» Հայաստանի եւ Թուրքիայի զավակ, որի լավ ապագայի համար կողմերը ոչ մի ջանք չպետք է խնայեն։ Ի պատասխան հնչած մտքի՝ Կարեն Բեքարյանն իր հերթին նկատեց, որ «վարչապետ Էրդողանի՝ Ղարաբաղի մասով ամեն մի հիշատակում սպանում է այդ երեխային»:




























