Երեւանի կենդանաբանական այգու, շուրջ 3 ամիս առաջ լույս աշխարհ եկած Սեւ գայլուկն այսուհետ խնամակալ ունի: Այս անգամ խնամակալը ոչ թե մեկն է, այլ ուսանողների մի ամբողջ խումբ: Խնամակալությունը նրանց դասախոսի` Աստղիկ Հովհաննիսյանի նվերն է իր սաներին:
Նվերի գաղափարը, դասախոսի խոսքով, պատահական է ծնվել: Նա համոզված է, որ մարդու հոգածությունը շրջակա միջավայրի` բնության եւ մարդկանց հանդեպ այն ուղին է, որ երիտասարդ մարդուն փրկում է մոլորություններից: Սա ճանապարհ է դեպի քաղաքակիրթ հասարակություն եւ կենդանու ընտրությունն էլ պատահական չէ:
«Գայլը` որպես ազատ կամքի, ազատ մտքի, կայացած անհատականության, անսխալական որոնումների կենդանի խորհրդանիշ կլինի թալիսման ուսանողներիս համար: Նրանք կփայփայեն գայլուկին` իմանալով, որ այդպիսով դառնում են ավելի խոհեմ, ավելի գթասիրտ ու ավելի երջանիկ»,- ասել է Աստղիկ Հովհաննիսյանը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնի երկու տասնյակից ավելի ուսանողների խումբն այսօր եկել էր ծանոթանալու գայլուկի հետ: Այգու տնօրենը նրանց փոխանցեց խնամակալության վկայականն ու կոչ արեց «խնամակալության ձգտումով ոգեշնչել նաեւ համալսարանական մյուս ընկերներին»: Գայլուկի հետ ծանոթությունը այս անգամ կարճ տեւեց. կենդանին անակնկալի եկավ անսպասելի հյուրերի քանակից եւ կարծես հաստատելու համար, որ իրեն զուր չեն ընտրել, հաջողացրեց ճողոպրել հսկիչների ձեռքից: Համալսարանականները որոշեցին շփումը շարունակել հաջորդ այցելության ժամանակ: Գայլուկին տեսնելու եւ նրան խնամելու համար ուսանողները դեռ շատ ժամանակ ունեն. խնամակալությունը կտեւի մի ամբողջ տարի:
Դեռեւս անանուն ձագուկի համար խնամակալները նաեւ խորհրդանշական անուն էին ընտրել: Գայլուկին այսուհետ կկոչեն Վոլֆգանգ:




























