Համաձայն ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ  տվյալների` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 200-ից ավելի դեպք, որի ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները  հայկական  դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակել են ավելի քան 600 կրակոց:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Պաշտպանության բանակից, առավել ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել հատկապես հունիսի 18-ին, 19-ին և 22-ին:  Միայն այդ երեք օրերի ընթացքում հակառակորդը AK, CBD,  կK և ձՁժհ զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 400 կրակոց:

Հակառակ նշված փաստերի` ադրբեջանական լրատվամիջոցները, հավատարիմ իրենց ավանդական քաղաքականությանը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպման նախօրեին, միջազգային հանրությանը ապակողմնորոշելու նպատակով, տարածել են կեղծ հաղորդագրություն, համաձայն որի իբր հայկական կողմի նախաձեռնությամբ, հրադադարի խախտման արդյունքում, ադրբեջանական կողմը ունեցել է մեկ վիրավոր:

Նշված հաղորդագրությունը ակնհայտ ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը: Իսկ ադրբեջանական զինծառայողի վիրավորման փաստը կարող է պայմանավորված լինել հարեւան երկրի զինված ուժերում առկա միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերություններով:

Առաջնային գծում, հայկական զինված ուժերը անվերապահորեն պահպանում են հրադադարի ռեժիմը, չեն ենթարկվում սադրանքների, եւ լիովին վերահսկում են իրադրությունը, ասվում է ՊԲ հաղորդագրության մեջ: