«Տագանկա»-ի գեղարվեստական ղեկավար Յուրի Լյուբիմովը նշել է թատրոնից իր հեռանալու ժամկետը: Ռեժիսորը հայտնել է, թե կաշխատի մինչեւ սեզոնի վերջը, իսկ հուլիսի 15-ից արձակուրդ կգնա ու այլեւս չի վերադառնա Տագանկա:

Լյուբիմովի հեռացման պատճառը բախումն է թատերախմբի հետ, որ հրաժարվել էր փորձեր անել Չեխիայում առանց հոնորարները նախապես ստանալու:

Լյուբիմովի խոսքով, ինքն անձամբ է գումարները տվել թատերախմբին, որպեսզի խուսափի Չեխիայում սկանդալից: Ըստ ռեժիսորի, նման մարդկանց հետ, «որոնք իրենց չեն կարողանում պահել, առավել եւս արտերկրում, եւ շանտաժի են դիմում, աշխատել չարժե»:

Դերասաններն իրենց հերթին այլ կերպ են ներկայացնում հակամարտությունը, եւ նշում են, որ պահանջել են Եվրամիության հատկացրած հոնորարները, քանի որ նախկինում եղել են դեպքեր, երբ թատրոնի ղեկավարությունը հրաժարվել է վճարել իրենց հոնորարները: