ԵԱՀԿի Մինսկի խմբի եռանախագահները առաջիկա շաբաթներին այցելելու են «Երեւան, Բաքու եւ Լեռնային Ղարաբաղ` պատրաստելու բանակցությունների շարունակությունը»:

Այդ մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

«Ինչպես նշված է Կազանում ընդունված հայտարարությունում, Կազանի հանդիպումը հստակեցրեց կամ հաստատեց փոխըմբռնման մի շարք կետեր, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները ներկա հիմքի վրա` միջնորդների առաջարկած կարգավորման սկզբունքների հետագա ընդունման նպատակով», - նշված է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, վստահեցնելով, որ Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռքբերված «արդյունքը անկարեւոր չէ», Ֆրանսիայի արտգործնախարարությունը ընդգծում է, որ «Ֆրանսիան, Մինսկի խմբի համանախագահ գործընկերների` Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ, ջանքեր չի խնայելու` կողմերին օգնելու շարունակել բանակցությունները»: