Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով  ժամանել է ԼՂՀ, որտեղ տեղի է  ունեցել   Հայաստանի եւ ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությունների համատեղ աշխատանքային խորհրդակցությունը:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել  ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, փոխադարձ խորհրդատվության տրամադրմանը, համատեղ միջոցառումների կազմակերպմանը եւ իրավական փոխհարաբերությունների ամրապնդման համատեքստում կարեւորվել է երկու ծառայությունների  ղեկավարների միջեւ հունիսի 29-ին «Փոխադարձ  իրավական օգնության մասին» հուշագրի ստորագրումը:

Ներկայացվել է, որ վերոնշյալ համաձայնագրի ստորագրմամբ կողմերին այսուհետ հնարավորություն կընձեռվի   ցուցաբերել փոխադարձ իրավական օգնություն եւ  հարուցված կատարողական վարույթների մասին   տրամադրել անհրաժեշտ  տեղեկատվություն:

Այնուհետեւ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Մարտակերտում մասնակցել է քաղաքի ազատագրման օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: