Հայ-թուրքական արձանագրությունների վերջնաստորագրումը, ինչպես եւ սպասվում էր, ներքաղաքական որեւև լուրջ ցնցումներ չառաջացրեց Հայաստանի քաղաքական դաշտում։ Իհարկե, քաղաքական գործիչները լիովին տարբեր ելակետերից մեկնաբանեցին ստորագրման արարողության ավելի քան երեքժամյա ուշացումը, սակայն ոչ մի առանձնահատուկ նոր բան չհնչեց։ Կառավարող կուսակցությունների ներկայացուցիչներն ու իշխանական ԶԼՄ-ները ամեն կերպ փորձում են ԱԳՆ ղեկավար Է. Նալբանդյանի վարքը ներկայացնել հերոսական լույսի ներքո, իսկ ընդդիմախոսներն էլ ավելի հաճախակի են խոսում ազգային շահերին դավաճանելու մասին։
Արձանագրությունների ստորագրմանը հետեւած թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված իրական քայլերը հերթական անգամ ուղղակիորեն պայմանավորում են ղարաբաղյան հակամարտության լուծմամբ, հայկական իշխանություններին ստիպել են նախազգուշական բնույթի պատասխան մի քանի խիստ հայտարարություններ անել, այդ թվում եւ նախագահի մակարդակով։ Սակայն, եթե բացառենք այն հավանականությունը, թե գործընթացում ներքաշված աշխարհաքաղաքական դերակատարները կարող են թույլ տալ, որպեսզի բոլոր ջանքերը հօդս ցնդեն, ապա պաշտոնական Անկարայի ու Երեւանի հայտարարություններում կարելի է նկատել հետեւյալ նմանությունը. Դրանք մի կողմից ողղված են իրենց ներքին լսարանի անհաշտ հատվածին, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաեւ «փոքր եղբայր» ադրբեջանցիներին, մյուս կողմից՝ հենց միջազգային միջնորդներին՝ ձգտելով իրենց համար առավել շահեկան մանրամասներ կորզել՝ ապագա համաձայնագրի հետ կապված։
Իսկ ինչ վերաբերում է հայրենի ընդդիմությանը, ապա այստեղ նույնպես անսպասելի իրադարձություններ չեղան։ Ինչպես եւ ենթադրում էին շատերը, Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը, այնուամենայնիվ, խիզախեց բաց տեքստով պահանջել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Հայ հեղափոխական դաշնակցությունը առայժմ ձգում է՝ պատրաստվելով առաջիկա ուրբաթ օրը կայանալիք իր հանրահավաքին։ Իսկ ընդդիմադիր առաջատար ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը՝ խստորեն քննադատելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, շարունակում է պահպանել դադարը։
Առավել ակնհայտ է դառնում, որ հայ-թուրքական արձանագրությունների բովանդակության վերաբերյալ հնչող մտահոգությունը բավական չէ ներքաղաքական իրավիճակի սրման համար։ Շատերը Հայաստանում՝ չբավարարվելով իշխանությունների հավաստիացումներով, շարունակում են երկյուղել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գինը կարող են դառնալ ղարաբաղյան կարգավորման հարցում չարդարացված զիջումները։ Սակայն՝ ղեկավարվելով «մինչեւ դանակը ոսկորին չհասնի…» սկզբունքով, հասարակայնությունն ակնկալում է ղարաբաղյան կարգավորման անբարենպաստ ընթացքի կոնկրետ ապացույցներ։ Այդ ժամանակ կարելի է սպասել ոչ միայն ՀԱԿ-ի՝ բողոքող ընտրազանգվածի, այլ նաեւ հայկական ողջ հանրության աշխուժացմանը։
Իվան Ղարիբյան




























