Ֆուտբոլը եւ ազգայնականությունը գնում են ձեռք-ձեռքի տված, քանի որ Բուրսան Թուրքիայի ազգայնական քաղաքներից մեկն է,- իռլանդական The Sun թերթի էջերում այս մասին է գրում վերլուծաբան Սունա Էրդեմը (այսօր Բուրսայում տեղի կունենա Հայաստան-Թուրքիա մրցախաղը — NEWS.am)։

Էրդեմը խոսում է այն մասին, որ չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու նախաստորագրված արձանագրությունների ստորագրմանը եւ այն հույսին, որ Օսմանական Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների պատճառով երկու պետությունների միջեւ ծագած դարավոր թշնամանքը կհասնի իր ավարտին, հարցի առարկայական դիտարկումը անհամաձայնությունների է հանգեցնում։

Բանակցությունները երկու պետությունների միջեւ սկսվել են 2005 թվականին, բայց շրջադարձային կետը եղավ 2008 թվականի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հայաստանյան այցը՝ 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մրցախաղի ժամանակ։ Դա իր հերթին բերեց փաստաթղթերի ստորագրման եւ Թուրքիայի հանրապետության հռչակումից 86 տարի անց առաջին անգամ երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման։

Կստեղծվի նաեւ միջպետական հանձնաժողով, որը կուսումնասիրի Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերը եւ արխիվները։ Իհարկե, շատ հարցեր են առաջանում։ Արդյոք այդ հանձնաժողովը վերջ կդնի՞ երկու ազգերի թշնամանքին։ Այնուամենայնիվ, շատերը հավատում են, որ թշնամանքը իրականում վերացել է։ Օրինակ, Թուրքիայի հայ համայնքի «Ակոս» թերթի խմբագիր Էթյեն Մահճուպյանն ասում է.

«Այս ամենը ավելի կարեւոր է, քան իրականում երեւում է։ Եւ այստեղ որոշող փաստը երկու ազգերի միջեւ ընթացող գործընթացն է։ Եթե սահմանները նույնիսկ չբացվեն, մարդիկ իրենց կպահեն այնպես, որ դրանք ասես բաց են։ Թուրքիան հաջողել է այն առումով, ար այն ունի կառավարություն, որը կարող է նախաձեռնություն ցուցաբերել»։

Թուրքիայում ժողովրդականություն չվայելող քաղաքական ուղեգիծը, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը որդեգրել է ընտրություններից երկու տարի առաջ, արժանի է գովաբանության։ Բայց առավել գովաբանության է արժանի 2007 թվականին պետության նախագահ ընտրված՝ Աբդուլահ Գյուլը, որը բավական վախ եւ զգուշավորություն առաջացրեց իր իսլամիստական հայացքների պատճառով, դարձավ ամենաժողովրդավար թուրք ղեկավարը, որ երբեւէ տեսել էր Թուրքիան, ինչպես եւ աշխարհը։ Եւ իզուր չէ, որ Բասկին Օրանը, որը Թուրքիային կոչ է անում զանգվածային սպանությունների համար հայերից ներողություն խնդրել, հհետեւյալ կերպ է արտահայտվել.

«Անկարելի է գերագնահատել Գյուլի ներդրումը այս գործընթացներում։ Նա երկրի առաջին առաջնորդն է, ով ազգայնական երանգավորումներ չունի»։

Թուրքիան, անկասկած, ձգտում է շողոքորթել ԵՄ-ի առջեւ, սակայն նա ուզում է նաեւ լավ հարաբերությունների մեջ լինել նաեւ ԱՄՆ-ի հետ, ով սպառնում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայի ներկայիս առաջնորդները անկեղծորեն շփոթված են իրենց նախորդների ունեցած դիրքորոշումից, որոնք ժամանակին հրաժարվել են իրականացնել քաղաքական բարեփոխումներ։

Հետո, Էրդեմը հղում է կատարում Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունեյին. «Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ոչ մի խնդիր չկա։ Պարզապես Թուրքիայի իրատեսորեն մտածողները հրաժարվում են ընդունել օսմանյան պետությունում կատարվածի ներկայիս հետեւանքների հիմնավորումները, որոնք իրենց վաղեմության պատճառով ընկալելի չեն իրենց համար։ Ուստի դա չի կարող ստվեր գցել երկկողմ հարաբերությունների վրա»։