«Զզվանքս եկավ այդ արարողությունը դիտելիս»,- Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողության մասին այսպես արտահայտվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ու հավելեց. «Մենք տասնամյակներ շարունակ պայքարել ենք, որ ճեղքենք պատը, որը կար եվրոպական երկրներում ու միջազգային այլ ասպարեզներում, բայց այդ արարողության ժամանակ Նալբանդյանի եւ Դավութօղլուի միջեւ այդ պատը նորից կառուցվեց ու կարծրացավ: Մենք, իհարկե, նորից կճեղքենք այդ պատը, բայց նրանք դժվարացրին այդ գործընթացը»:
Հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն պատրաստվում ԱԺ-ում տապալել արձանագրությունների վավերացումը՝ հաշվի առնելով, որ այնտեղ կոալիցիոն ուժերը ունեն որակյալ մեծամասնություն, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Նման հարցերում թվաբանությունը չի գործում: Մենք ունենք 25 տեղ, բայց մարդկանց հոգու խորքում ունենք 95 տեղ»:
Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ արձանագրությունների ստորագրման օրը Սերժ Սարգսյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշել է բոլոր այն մտահոգությունները, որոնք իրենք էին բարձրաձայնում, եւ դա չի կարող ուղեցույց չդառնալ կոալիցիոն ուժերի ու պատգամավորների համար:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե ինչ զարգացումներ կլինեն, եթե այդ արձանագրությունները չվավերացվեն: Այս առնչությամբ, նա ասաց. «Սահմանը բացվի, թե չբացվի, Հայաստանում անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ իրականացնել: Եթե բացվի, հայկական կողմը պետք է արագ կերպով մրցունակ դարձնի իր տնտեսությունը, կառուցվածքային ու կադրային փոփոխություններ կատարի, իսկ եթե չբացվի, ապա Հայաստանը պետք է արագորեն անդրադառնա Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությանը, ինչպես նաեւ կատարի վերը նշված կառուցվածքային փոփոխությունները»: Դաշնակցական գործչի ներկայացմամբ, այսօրվա մեր բյուջեի ողբալի վիճակը արդյունք է ոչ թե փակ սահմաններ ունենալու, այլ երկրում առկա կոռուպցիայի ու ներքին անկազմակերպվածության: «Սուտ են ասում, թե մեր ռեսուրսները սպառվել են եւ եթե սահմանը չբացվի, մենք կխեղդվենք: Ոչ միայն չեն սպառվել, այլեւ դրանց դեռ չեն էլ կպել»,- նշեց նա, հավելելով, որ այս պայմաններում սահմանի բացումից շահելու են մի քանի օլիգարխներ ու նրանց շրջապատը: «Գյուղացին հաստատ կորցնելու է, իսկ քանի որ արդյունաբերություն չկա, ապա հասարակ մարդիկ էլ չեն շահելու»,- իր խոսքն ամփոփեց Վ. Հովհաննիսյանը:




























