Ամերիկայի հայկական համագումարի Թերջենյան-Թոմաս ամառային ծրագրի կամավորները այս ամիս մասնակցել են բազմաթիվ քննարկումների:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ամերիկայի հայկական համագումարից, անցած շաբաթ Համագումարի համայնքի հետ աշխատանքների գծով տնօրեն Դանիել Քուշակջյանը քննարկում է ծավալել 2011 թ.-ի կամավորական ծրագրի մասնակիցներին հետաքրքրող թեմաների շուրջ` ներառյալ ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, վերջերս ներկայացված օրինագծերը` ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության 304-րդ բանաձեւի եւ Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների պաշտպանության վերաբերյալ 306-րդ բանաձեւի հաստատումը, Հայաստանի շրջափակումը Թուրքիայի ու Արդբեջանի կողմից, հայ-թուրքական հարաբերությունները, մարդու իրավունքների եւ կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ Հայաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման ուղությամբ Համագումարի կողմից տարվող աշխատանքները:
Մասնակիցներին հնարավորություն տրվեց Համագումարի աշխատակազմին ուղղել իրենց հուզող հարցերը Համագումարի կողմից առաջ տարվող խնդիրների վերաբերյալ:
Այս շաբաթ 2011 թվականի կամավորները մասնակցել են նաեւ ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ քննարկմանը: Մեկ եւ կես ժամ տեւած քննարկումը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի պատմությանը, Ադրբեջանի կողմից հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ մաքրումներին եւ Ադրբեջանի կողմից 1991 թվականին ԼՂ-ի դեմ նախաձեռնած պատերազմին: Ի հավելումն, քննարկմանը լուսաբանվել են ԱՄՆ-ի կողմից Ղարաբաղին ցուցադրվող հումանիտար օգնության, ինչպես նաեւ բանակցային գործընթացի ներկա իրավիճակի, Կազանում տեղի ունեցած Հայաստանի, Արդբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը առընչվող հարցերը:




























