Շիրակի մարզի 36 ՀԿ-ները դիմում են հղել «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին եւ կոչ արել հրաժարվել Մինասի երկու որմնանկարները օդանավակայանում կախած ունենալու գաղափարից եւ բավարարվել դրանց կրկնօրինակները այնտեղ ունենալու տարբերակով:
Դիմումում, մասնավորապես, ասվում է.
«Ցավով արձանագրում ենք, որ կառավարությունը Մինասի որմնանկարների վերականգնման եւ փրկության միակ ճանապարհը տեսավ դրանք Գյումրիից տանելը. առանց գյումրեցիների կարծիքն ու վերաբերմունքն իմանալու, որոշեց եւ Երեւան տեղափոխեց Մինաս Ավետիսյանի 4 որմնանկար:
Կառավարությունը 2011-ի ապրիլի 28-ի որոշմամբ երկու որմնանկարներ անժամկետ եւ անհատույց տրամադրեց «Զվարթնոց» օդանավակայանին՝ դրանք այնտեղ ցուցադրելու: Մեզ համար անհասկանալի պատճառով տեղափոխելու մասին որոշումը կառավարությունը կայացրեց այն ժամանակ, երբ կես տարուց ավելի Գյումրիի համայնքային իշխանությունները, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը ակտիվորեն բանավոր եւ գրավոր բանակցում էին որմնանկարները Գյումրիում վերականգնելու եւ Գյումրիում տեղադրելու հարցերը, իսկ այդ մասին արդեն կազմվել էր համաձայնագիր համայնքապետարանի եւ հիմնադրամի միջեւ (2011 փետրվար):
Մինաս Ավետիսյանի որմնանկարներն իր բնօրրանից եւ գյումրեցիներից հեռացնելու կառավարության որոշումները գնահատում ենք առանց պատշաճ հիմնավորման կայացված, հայտարարված մշակութային ապակենտրոնացման քաղաքականության համատեքստում` տարօրինակ եւ վիրավորական` մեր ու քաղաքի նկատմամբ:
Շուրջ երկու ամիս ուշադրությամբ հետեւելով Մինաս Ավետիսյանի որմնանկարների հետ կապված այս պատմությանը, համարելով, որ այդ որմնանկարները Գյումրիի մշակութային ժառանգության անքակտելի մասն են, դիմում ենք Ձեզ հետեւյալ կոչով.
Պարոն Էռնեկյան, կոչ ենք անում Ձեզ հրաժարվել Մինասի երկու որմնանկարները օդանավակայանում կախած ունենալու գաղափարից եւ բավարարվել դրանց կրկնօրինակները այնտեղ ունենալու տարբերակով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առանձին նամակով այսօր դիմում ենք նաեւ ՀՀ վարչապետին, կոչ անելով ջանքեր ներդնել եւ ինչպես օդանավակայանին հատկացված, այնպես էլ կառավարական տանը ցուցադրվող որմնանկարները վերադարձնել Գյումրի քաղաքին»:




























