Լիբիայի անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ Շամամը հունիսի 29-ին հայտնել է, որ իշխանության գալու դեպքում ապստամբները կվերանայեն Մուամար Քադաֆիի օրոք կնքված նավթային պայմանագրերը:

Նա նաեւ հայտարարել է, որ այդ պայմանագրերում եթե հայտնաբերվեն կոռուպցիայի նշաններ, անմիջապես չեղյալ կհամարվեն: Բացի այդ, Քադաֆիին տապալելուց եւ իրենց իշխանությունը հաստատելուց հետո ապստամբները խոստանում են նոր պայմանագրեր կնքելիս նախապատվությունը տալ այն երկրներին, որոնք այս շրջանում օգնել են իրենց, հաղորդում է Vesti.ru-ն:

«Երբ մարդիկ գողանում են ձեր փողերը, մի՞թե դուք թույլ կտաք նրանց ջրից չոր դուրս գալ»,- ասել է ընդդիմության ներկայացուցիչը:

Միաժամանակ նա հավելել է, որ կոռուպցիայի մեջ մեղադրվող օտարերկրյա ընկերություններին «հնարավորություն կտան Լիբիայի ժողովրդին վերադարձնել միջոցները», բայց չի հստակեցրել, թե արդյոք այդ դեպքում կպահպանվե՞ն նախկին պայմանագրերը, թե` ոչ: