Մինսկում հունիսի 29-ին չարտոնված բողոքի ակցիային մասնակցող մոտ 120 մարդ է ձերբակալվել: Բողոքի ակցիան կազմակերպել էր «Հեղափոխություն սոցիալական ցանցերի միջոցով» նախաձեռնությունը: Այս մասին հայտարարել է բելառուսցի հայտնի իրավապաշտպան Վալենտին Ստեֆանովիչը:

«Միայն Մինսկում ձերբակալվել է մոտ 120 մարդ»,- ասել է Ստեֆանովիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ նրա տվյալների` ձերբակալվածների մեջ կան օտարերկրացիներ, այդ թվում` Լատվիայից ռադիոլրագրող եւ Էստոնիայի մի քաղաքացի: Գործակալության զրուցակցի  խոսքով` ակցիայի մասնակիցների ձերբակալություններ եղել են նաեւ Բելառուսի այլ քաղաքներում: Նա նշել է, որ Մինսկի շրջանում գտնվող Ժոդինոյում երեք ձերբակալվածների համար արձանագրություն  է կազմվել, ըստ որի` նրանք իբր չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:

ՆԳ Մինսկի գլխավոր վարչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ալեքսանդր Լաստովսկին «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է Լատվիայի քաղաքացի, ռադիոլրագրող Ուգիս Լիլբիետիսին բերման ենթարկելու մասին տեղեկությունը եւ հաղորդել, որ նա արդեն ազատ է արձակվել փաստաթղթերի ստուգումից հետո: