«Հրապարակ» օրաթերթը գրում է, թե Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նոր ռեկտորը` Դերենիկ Դումանյանը, սկսել է բուհ վերադարձնել նախորդ ռեկտոր Գոհար Քյալյանի օրոք հեռացած կադրերին: Առայժմ դեռ բանակցություններ են գնում, հրամանները կլինեն օգոստոսի վերջին:
Դերենիկ Դումանյանը թերթին հայտնել է, որ Գոհար Քյալյանի հեռանալուց հետո փորձել է կապվել նրա հետ` պարզելու, թե ինչու է որոշել ազատվել համալսարանի ամբիոնի վարիչի պաշտոնից, սակայն նրան չի հաջողվել կապվել նախկին ռեկտորի հետ: «Ես շատ կուզենայի, որ նա մնար եւ աշխատեր, որովհետեւ ինքը` որպես ամբիոնի վարիչ, միշտ շատ լավ է աշխատել, եւ կուզենայի, որ ինքը ղեկավարեր այդ ամբիոնը, որը համալսարանի կարեւորագույն ամբիոններից մեկն է»: Խոսքը ԵՊԲՀ անատոմիայի ամբիոնի մասին է:
Թերթը մեջբերում է նաեւ համալսարանում շրջանառվող վարկածը, համաձայն որի Քյլայանը բուհից հեռացել է, քանի որ անպարկեշտ խոսքեր է ասել Դումանյանի հասցեին եւ վերջինս առաջարկել է խաղաղ բաժանվել:
Նշենք, որ NEWS.am-ը օրերս կապվել էր Քյալյանի հետ` մի քանի հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, սակայն նա հայտարարել էր, թե Բաթումում է, եւ հարցերին կպատասխանի Հայաստան վերադառնալուց հետո:



























