«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Հայաստանում զանգվածային ցույցեր ի վիճակի է կազմակերպել միայն Հայ ազգային կոնգրեսը։ Դա ցավալի իրողություն է երկու պատճառով. ա. դա անում է զուտ քաղաքական ուժը, եւ պահանջներն իրենց վերջնական «նպատակադրմամբ» քաղաքական են՝ վերաբերում են իշխանությունը վերցնելու խնդրին, բ. դա կարողանում է անել միայն մեկ քաղաքական ուժ, մնացածը, որքան էլ ասեն, որ հեսա-հեսա մեծ զանգվածներ կհավաքեն, դա երեք տարի է՝ չեն անում: Իհարկե, Հանրապետականն էլ կարող է կազմակերպել բազմահազարանոց հավաք՝ ստիպելով պետական կառույցների, դպրոցների, բուհերի, հիվանդանոցների եւ այլ կոլեկտիվներին մասնակցել նման միջոցառումների (շուտով ընտրարշավի ժամանակ մենք դրա ականատեսը կլինենք]: Բայց դա տվյալ դեպքում, ինչպես ասում են, «հաշիվ չի»:

Շատ ցանկալի կլիներ, որ մենք ունենայինք հզոր արհմիություններ կամ այլ հեղինակավոր քաղաքական ուժեր, որոնք առաջ կքաշեին ոչ քաղաքական կամ, այսպես ասենք՝ այլ քաղաքական պահանջներ:

Այնքան ժամանակ, մինչեւ Կոնգրեսը հանդես էր գալիս ոչ նեղ քաղաքական, այլ այնպիսի պահանջներով, որոնք կիսում էին ոչ միայն իրենց համակիրները (օրինակ՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը), նրա գործերը հաջող էին ընթանում: Հենց որ ՀԱԿ-ը շեղվեց եւ մտավ արտահերթ նախագահական ընտրությունների, իսկ ըստ էության՝ նախագահի հրաժարականի եւ իշխանության փոխանցման «ավանդական» հունի մեջ, իրավիճակը փոքր-ինչ փոխվել է:

Պահանջի հիմնավորումը՝ ընտրությունները կեղծվել են, եւ այդ պատճաոով աոաջացել է սուր քաղաքական ճգնաժամ, այնքան էլ համոզիչ չէ. եթե ճգնաժամի գլխավոր բաղադրիչը իշխանությունների ոչ լեգիտիմությունն է, այդ դեպքում մենք արդեն 16 տարի ապրում ենք այդ ճգնաժամի մեջ: Գուցե հենց այդպես էլ կա, բայց այդ ճգնաժամը «կրիտիկական զանգված» կամ «բավարար կոնդիցիա» երբեք չէր ապահովում»: