Ադրբեջանի ազգային սոցիալիստական կուսակցությունը առաջարկել է, որպեսզի երկրի խորհրդարանում` Միլի մեջլիսում հայ-թուրքական արձանագրությունների շուրջ քննարկումներ կազմակերպվեն: Նա առաջարկում է նաեւ ետ կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին եւ վերանայել անդամակցությունը միջազգային այն ծրագրերին, որոնց մասնակցում է նաեւ պաշտոնական Անկարան:
«Եթե Հայաստանի հետ սահմանը բացվի մինչեւ ադրբեջանական հողերի ազատագրումը, դրանով Անկարան թիկունքից հարված կհասցնի Ադրբեջանին», — հայտարարել է կուսակցության առաջնորդ Ռովշան Հուսեյնովը եւ հավելել. «Պաշտոնական Բաքուն պետք է կանխի Թուրքիայի իշխանությունների դավաճանական քայլերը, որոնք փաստացի հակասում են Ադրբեջանի շահերին»:
Հուսեյնովը նաեւ ասել է, թե իր ունեցած տեղեկություններով` Թուրքիայի իշխանությունները այժմ բանակցություններ են վարում ընդդիմության հետ եւ փորձում են նրանց հետ եւս համաձայնության գալ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու շուրջ: «Մենք թուրք ժողովրդի հետ որեւէ խնդիր չունենք, մենք կտրականապես դեմ ենք արտահայտվում Թուրքիայի իշխանություններին, որոնք կանգնել են Ադրբեջանին դավաճանելու ճանապարհին», — հայտարարել է նա:




























