Մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալի աճը բնութագրում է բնակչության կենսամակարդակի աճը: Անցած տարվանից մանրածախ ապրանքաշրջանառության աճը դանդաղել է:
Բացառություն չէր նաեւ այս տարվա մայիսը: Անցած տարվա մայիսի համեմատ այս տարի մարնածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալն աճել է ընդամենը 0,2 տոկոս: Մայիսին իրացվել է 95,3 միլիարդ դրամի ապրանք: Յուրաքանչյուր հայաստանցուն բաժին է ընկնում 29,2 հազար դրամի կամ 78 դոլարի ապրանք:
Թեեւ այժմ աշխատավարձը տնային տնտեսությունների եկամուտի աղբյուրներից միայն մեկն է, սակայն բնակչության վճարունակ պահանջարկի ձեւավորման մեջ դրա դերը զգալի է: Իսկ նախորդ 1,5 տարում հաստատվել է հստակ միտում. գնաճը գերազանցում է աշխատավարձի աճը:
Մայիսին բացասական հարաբերակցությունը պահպանվել է: Սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 9 տոկոս, իսկ միջին ամսական աշխատավարձի աճը` 7,2 տոկոս:
Մանրածախ ապրանքաշրջանառության դինամիկայում առեւտրի կազմակերպման ձեւերում անցած տարվա մայիսի համեմատ այս տարվա մայիսին 5,3 տոկոս աճել է խանութներում իրականցվող վաճառքը, սպառողական ապրանքների շուկաներում աճը կազմել է 14,7 տոկոս: Խանութներում իրականացվում է ընդհանուր առեւտրի 65,3 տոկոսը:
Վաճառքի ծավալը 19 տոկոսով կրճատվել է գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, 7,8 տոկոսով` կրպակներում, 13,7 տոկոսով` առեւտրի այլ կետերում:
Կրճատվել է նաեւ պահեստավորված ապրանքների ցուցանիշն ընթացիկ գներով: Եթե փետրվարի 1-ին Հայաստանն ուներ ապրանքաշրջանառության 108 օրվա պաշար, ապա հունիսի 1-ին այդ ցուցանիշը հավասար էր 75 օրվա: Ապրանքային պաշարների բացարձակ ծավալն աննշան աճել է:




























